Արցախում հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ կլինեն

Ստեփանակերտ. Արխիվային լուսանկար
Որոշումն ուժի մեջ է մտնում այսօր, ժամը 13։00–ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ, տեղեկանում են Արցախի կառավարության որոշումներից։
«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ»,–ասված է որոշման մեջ:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 13.00-ին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։