ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. 2023-24 թվականներին Հայաստանի երեք մարզերում ու Երևանում ֆուտբոլի դպրոցներ կկառուցվեն։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով կառավարության համապատասխան որոշման նախագիծը։
«Կունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան ֆուտբոլի դպրոցներ` արհեստական կամ բնական խոտածածկերով, անհրաժեշտ բոլոր շինություններով, փակ մարզադահլիճներով, և մեր երեխաների համար ֆուտբոլ խաղալը կդառնա ավելի հասանելի։ Սա վերաբերում է ոչ միայն տղաներին, այլև աղջիկներին, որովհետև այստեղ, իհարկե, գործելու են նաև աղջիկների ֆուտբոլային թիմեր, որոնք կմասնակցեն մեր տարբեր առաջնությունների»,–ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ դա վերաբերում է ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին։
«Կարծում եմ` նաև մեծահասակները կարող են ֆուտբոլ խաղալ»,– ասաց նա։
Ֆուտբոլային ժամանակակից մարզադաշտերի կառուցման համար ընտրվել են Երևանում` Դավիթաշեն 4-րդ թաղամասը, Արարատի մարզում` Արտաշատ քաղաքը, Գեղարքունիքում` Մարտունի քաղաքը։
Մարտունու մարզադաշտի դեպքում արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել. մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո «Ալաշկերտ» ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում:
Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցը կկառուցվի Իջևան քաղաքի Արնար մարզադաշտի տարածքում։
Կառավարությունը ծրագրի իրագործման համար այսօր որոշում է ընդունել 2,5 մլրդ դրամ հատկացնելու մասին, որը, ԿԳՄՍ նախարարի պարզաբանմամբ, նախագծման ու շինարարության աշխատանքների նախնական արժեքի միայն 50 տոկոսն է։