Վուչիչը Կոսովոյի սերբերին կոչ է արել հեռացնել բարիկադները․ ԶԼՄ

Ալեքսանդր Վուչիչ. Արխիվային լուսանկար
Սերբերը ԱՄՆ-ից և ԵՄ-ից երաշխիքներ են ստացել, որ Կոսովոյի հյուսիսում բողոքի ցույցերի մասնակիցներից ոչ մեկին չեն հետապնդի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովոյի էթնիկ սերբերին կոչ է արել ավարտել ինքնահռչակ հանրապետության «իշխանությունների» դեմ բողոքի ցույցերը՝ վստահեցնելով, որ նրանց հետապնդումներ չեն սպառնա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոխիայի հարցերով գրասենյակի տնօրեն Պետար Պետկովիչին։
«Մենք ԱՄՆ-ից և ԵՄ-ից երաշխիքներ ենք ստացել, որ բողոքի ցույցերին մասնակցած սերբերին չեն հետապնդի կամ ձերբակալի»,-նշել է Պետկովիչը:
Նրա խոսքով՝ «Կոսովոյի անվտանգության ուժերը» նաև հավաստիացրել են, որ իրենք ինքնահռչակ հանրապետության հյուսիս չեն գնա առանց ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի և տեղի բնակչության ներկայացուցիչների համաձայնության:
Պաշտոնյայի խոսքով՝ Վուչիչը հանդիպում կանցկացնի Կոսովոյի սերբերի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Կոսովոյում և Մետոխիայում պահպանվում է լարված իրավիճակը։ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը դեկտեմբերին հյուսիսում ձերբակալել էր մի քանի ոստիկանների՝ 1998-1999թթ. հակամարտության ժամանակների ռազմական հանցագործությունների և ահաբեկչության կասկածանքով: Դրա պատճառով Կոսովոյի սերբերը դեկտեմբերի 10-ին բարիկադներ էին կառուցել։