ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. 2022 թվականին Ռուսաստանի վրա կիբեռհարձակումների աննախադեպ աճ է գրանցվել։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։
«Ռազմական հատուկ գործողության անցկացման ֆոնին մեր երկիրը տեղեկատվական հարթությունում բախվել է աննախադեպ արտաքին ագրեսիայի։ 2022 թվականին Ռուսաստանի վրա կիբեռհարձակումների թիվն ավելացել է 80 տոկոսով», - ասել է նա։
Ըստ Սիրոմոլոտովի` եթե անցյալ տարի չարագործների գլխավոր թիրախը ֆինանսական հաստատություններն են եղել, ապա այս տարի հիմնական հարվածը բաժին է հասել պետական սեկտորին, կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի օբյեկտներին ու սոցիալական կարևորություն ունեցող հաստատություններին։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 306-րդ օրը։