Լաչինի խնդրի պարագայում ավելի պատեհ է «Մեր ժամանակների հերոսն» իրականացնելը. Փաշինյան

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը Երևանի Մարզահամերգային համալիրում
Նիկոլ Փաշինյանը նշեց` փառք այն զինվորին, որ ոչ միայն իր անձնական սխրանքով է պահելու ՀՀ–ն, այլև ունենալու է այնպիսի ամուր թիկունք, որ հերոսությունը միայն զինվորի մենաշնորհը չլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հատկապես այս պարագայում, երբ Լաչինի միջանցքի խնդիր ունենք, ավելի պատեհ է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության իրականացումը։ Երևանի Մարզահամերգային համալիրում մրցանակաբաշխության բացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` քննարկում և քննադատություն կա, թե արդյոք այս մրցանակաբաշխությունը «Մեր ժամանակների հերոսը» անվանելը նպատակ չունի և չի նսեմացնում իրական հերոսներին, որոնք իրենց կյանքը նվիրել են հայրենիքին և նրանց, որոնք կանգնած են դիրքերում։ Նա նշեց, որ պետք է միանշանական բացասական պատասխանի այս հարցին։
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը Երևանի Մարզահամերգային համալիրում
«Զինվորի և առաջնագծի հերոսությունն իր տրամանաբական արդյունքին չի հասնում առանց թիկունքի հերոսության։ Զինվորն ուժեղ է թիկունքով։ Այն միջոցները, որոնք ծախսվում են հանուն անվտանգության, գեներացվում են առաջին հերթին տնտեսության մեջ։ Այս տարի առաջին անգամ բանակում վճարվել է 13–րդ աշխատավարձ` 100 տոկոս դրույքով, ինչը հարկ վճարողների շնորհիվ է եղել, շնորհիվ նրանց, որոնք ի հեճուկս բոլոր ճգնաժամերի, շարունակում են աշխատել, որովհետև երկրի ինստիտուցիոնալ կայացման և բանակի, անվտանգության, ոստիկանության գործունեությունն ապահովվում է ավելացված արժեքի ստեղծմամբ»,–ասաց վարչապետը։
Նա նշեց նաև, որ վերջին անգամ մրցանակաբաշխությունն անցկացրել են 2020-ի սեպտեմբերին` պատերազմից առաջ, իսկ դրանից հետո ամեն անգամ մի պատճառով որոշել են այն հետաձգել։ Այժմ որոշել են այն կյանքի կոչել, քանի որ, ըստ Փաշինյանի, սրանով «արձանագրում են իրենց վճռականությունն ու կամքը ՀՀ–ն ուժեղացնելու որպես պետություն»։
Այս օրը, վարչապետի խոսքով, այն մարդկանց մասին է, որոնք տնտեսության ոլորտում մեծ նվաճումների չեն հասել, բայց որոշել են երկրում քարը քարին դնելու ճանապարհին պատասխանատվություն վերցնել իրենց վրա և միանալ հարկ վճարողների մեծ բանակին, որոնք հարստացնում են պետբյուջեն։ Իսկ պետբյուջեով կանխորոշվում է, թե ինչ պայմաններում է ծառայում մեր զինվորը, ինչ սպառազինություն ունի և ինչ սնունդ է ուտում։
«Փառք այն զինվորին, որ ոչ միայն իր անձնական սխրանքով է պահելու ՀՀ–ն, այլև ունենալու է այնպիսի ամուր թիկունք, որ հերոսությունը միայն զինվորի մենաշնորհը չի լինելու։ Մեր ժամանակները կդառնան հերոսական ժամանակներ, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա կրել, տանել իր բաժին հերոսությունը»,–ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2022–ին 164 մլրդ դրամ է տրամադրվել Արցախին, իսկ վաղվա կառավարության որոշմամբ արդեն 168 մլրդ դրամի կհասնի այդ աջակցությունը։
Նշենք, որ այսօր 13 անձ մրցանակ կստանա։
Հիշեցնենք, որ 2020–ին ՀՀ անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոցի տաճարում անցկացված «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին էր արժանացել խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը։