ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. 2023 թ. հունվարի 23-ից շրջանառության մեջ կդրվի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամները: Որոշումը կայացվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի դեկտեմբերի 27-ի նիստում, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Սահմանվել է, որ 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամները Հայաստանի տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման։ Իսկ 1000 դրամ անվանական արժեքով 1999, 2001, 2011, 2015 և 2018 թթ–ի թողարկման ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
«1000 դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման թղթադրամի չափերն են՝ 130 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է»,– ասված է հաղորդագրությունում:
Հայտնում են նաև, որ թղթադրամի վրա լինելու է Պարույր Սևակի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Դիմանկարի ֆոնին հատվածներ են Սևակի ձեռագրերից ։ Հիմնական գույնը մանուշակագույնն է։
Նշենք, որ նոր թղթադրամների թողարկումը պարբերական գործընթաց է, քանի որ մաշված փողերը կանոնավոր փոխարինման կարիք ունեն։