Ե՞րբ կընտրվի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը. Մելիքբեկյանը ժամկետ նշեց

Արմեն Մելիքբեկյան
ՀՖՖ նախագահի խոսքով` ուզում են համոզված լինել, որ Հայաստանի հավաքականի նոր մարզիչը պատկերացնում է` ինչպես է զարգանալու հայկական ֆուտբոլը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանից ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը պետք է հասկանա պահի կարևորությունը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 23-րդ հերթական ժողովի ընթացքում ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների ընտրությունից առաջ այս հայտարարությունն արեց նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
«Մինչև ուղերձի բուն հատվածին անցնելը ցանկանում եմ խոսել Հայաստանի ազգային հավաքականի մարզչի ընտրության մասին: Շատերի կարծիքով այդ հարցն ուշանում է, բայց դա կապված է բազմաթիվ գործոնների հետ, իսկ ամենակարևորն այն է, որ պետք է հասկանանք թեկնածուների մոտիվացիան: Նախընտրում ենք ընտրությունը կատարել մի փոքր ավելի ուշ, բայց վստահ լինենք, որ այն ճիշտ կլինի: Մենք ուզում ենք համոզված լինել, որ Հայաստանի հավաքականի նոր ընտրվող մարզիչը գիտակցում է թե՛ այս պահի կարևորությունը, թե՛ ընդհանուր առմամբ պատկերացնում է հայկական ֆուտբոլի զարգացումը»,– ասաց Մելիքբեկյանը:
Նրա խոսքով` այսօր ընտրվելիք գործկոմը հենց առաջին իսկ նիստում քննարկելու է մարզչի ընտրության հարցն ու որոշում է կայացնելու, իսկ մարզչին կնշանակեն արդեն հունվարին։
Նշենք, որ ՀՖՖ անդամների կողմից առաջադրվել է գործադիր կոմիտեի անդամի 15 թեկնածու, որոնցից 14-ի թեկնածությունը հաստատվել է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին հրաժարական ներկայացրեց Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր նոյեմբերի 30-ին, սակայն Հայաստանի հավաքականի խայտառակ ելույթները հանրության շրջանում քննադատության լուրջ ալիք բարձրացրին։ Հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչները նույնիսկ հրաժարվեցին լուսաբանել Կապառոսի ամփոփիչ ասուլիսը։
Մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն այժմ Ռոման Բերեզովսկին է։