ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր կավարտվի Արագ շախմատի աշխարհի առաջնությունը։ Տղամարդկանց մրցաշարում արդեն 9 տուր է անցկացվել:
Հայ շախմատիստներից լավագույն արդյունքներն ունեն Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը, որոնց ակտիվում 6-ական միավոր կա:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը,5,5 միավոր ունեն: Սամվել Տեր-Սահակյանն ու Զավեն Անդրիասյանը5-ական միավոր ունեն, Մամիկոն Ղարիբյանի ու Ռոբերտ Հովհաննիսյանը` 4,5-ական, իսկ Տիգրան Հարությունյանը՝ 4։
Մրցաշարի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որին Մարտիրոսյանն ու Պետրոսյանը զիջում են 1,5 միավորով:
Իսկ արագ շախմատի կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, որը 8 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և 10-րդ տեղն է զբաղեցնում՝ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջատարներ Չժոնգի Թանին, Ալեքսանդրա Գորյաչկինային և Շրի Սավիթային:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Մարիամ Մկրտչյանն ու Լիլիթ Մկրտչյանն ունեն 4-ական միավոր, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ 3,5: