ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ և առաջարկել է պարտադիր ատեստավորման համակարգ ներդնել կառույցում։ Նախագիծը հրապարակվել է կառավարության e-draft.am հանրային հարթակում:
Նշվում է, որ ատեստավորումն անցած ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, ինչը կխթանի ԱԱԾ–ում ծառայության անցնելու գրավչությունը և կկանխի կադրերի արտահոսքը։
«Հաշվի առնելով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները, այդ թվում՝ այն հանգամանքը, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը՝ հրամայական է Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծի ընդունման դեպքում ատեստավորումն իրականացվելու է պարտադիրության սկզբունքով։ Ատեստավորումն անցած ծառայողները 3 տարի կստանան հավելավճար, իսկ որպեսզի հավելավճարը շարունակվի, ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:
Ատեստավորումը չանցած ծառայողը նոր ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ։ Երկրորդ անգամ ատեստավորումը չանցնելու դեպքում կազատվի զբաղեցրած համապատասխան պաշտոնից և կթողնվի կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով:
Նշվում է, որ ատեստավորման կարգը, պետական սահմանի պահպանության, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման, վերահսկման գործառույթների շրջանակը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն կառավարության որոշմամբ:
ԱԱԾ-ն առաջարկում է նախատեսել նաև իրավակարգավորում, ըստ որի՝ հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը կսահմանվեն ԱԱԾ տնօրենի նորմատիվ հրամանով: