2023-ին ՀՀ–ն կշարունակի իրանական ուղղությամբ 2 կարևոր ենթակայանների նորոգումը. փոխնախարար

Հակոբ Վարդանյան
Կշարունակվի վերանորոգումը նաև «Արարատ-2» և Երևանին կից «Զովունի» ենթակայաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. 2023 թվականին Հայաստանում կշարունակվի «Ագարակ-2» և «Շինուհայր» բարձր լարման ենթակայանների հիմնանորոգումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
«Ագարակ-2»–ով Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգը կապում է իրանականի հետ։ Դեպի Հայաստանի խորքը տանող ուղղության վրա` Գորիսից ու դեպի Սիսիան ընկած հատվածում, գտնվում է «Շինուհայր» ենթակայանը։ Նորոգումը թույլ կտա լիարժեք գործարկել Իրան–Հայաստան նոր գիծը` 400 կՎ լարմամբ։ Դրա շինարարությունը մի քանի անգամ հետաձգվել էր և պետք է ավարտին հասցվի եկող տարեվերջին։
Կշարունակվի նորոգումը նաև «Արարատ-2» ենթակայանում, որը էներգիա է մատակարարում Արարատի մարզի հարավային հատվածին, ինչպես նաև «Զովունի» ենթակայանում, որը Երևանին է հարում հյուսիսային կողմից։
Արդեն ավարտվել կամ ավարտվում է նորոգումը «Լիճք» ենթակայանում (Սևանի ափամերձ տարածքում), «Վանաձոր-1» և Թալինից ոչ հեռու գտնվող «Աշնակ» ենթակայաններում։ Վերջիններիս համար արդեն կազմվում են հանձնման–ընդունման ակտեր։
Թվարկված ենթակայանների մի մասը վերանորոգվում է Համաշխարհային բանկի, մյուս մասը` պետական միջոցներով։
Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում 2023-ի փետրվարի 1-ից չեն փոխվի