Նոյեմբերին Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտարարեց, որ գիտնականները մոտ մեկուկես կիլոմետրանոց թունել են հայտնաբերել, որը հավանաբար, տանում է դեպի Կլեոպատրայի դամբարանը։ Ալեքսանդրիա քաղաքի մոտ գտնվող այդ տաճարը վաղուց անցել է Միջերկրական ծովի ջրերի տակ, բայց գերեզմանը հայտնաբերելու ջանքերը հաստատ արդարացված կլինեն, քանզի գիտնականներն արդեն պնդում են՝ դա կլինի դարի հայտնագործությունը, չէ՞ որ ավելի քան երկու հազարամյակ հետո վերջապես կիմանանք, թե որտեղ է թաղված այն կինը, որի մասին ֆրանսիացի հանրահայտ գիտնական, փիլիսոփա և գրող Բլեզ Պասկալն ասել է. «Եթե Կլեոպատրայի քիթը մի փոքր այլ ձևի լիներ, համաշխարհային պատմությունն այլ ընթացք կարող էր ունենալ»։
Գիտե՞ք` մեկ-մեկ ինձ թվում է, որ ֆրանսիացիների հայտնի արտահայտությունը՝ «cherchez la femme», նույնպես ծագել է հենց այն ժամանակ, երբ այդ կնոջ պատճառով ի վերջո գժտվեցին երկու հզոր տերությունները՝ Հռոմեական կայսրությունն ու Եգիպտոսը։ Իսկ ի՜նչ լավ էր ամեն ինչ սկսվել։ Կլեոպատրան որդու և եղբոր հետ եկավ Հռոմ, Հուլիոս Կեսարը շքեղ ընդունելություն կազմակերպեց, նույնիսկ տեղադրեց այդ կնոջ ոսկե արձանը՝ աստվածուհի Իզիդայի տեսքով։ Բայց մեր թվարկությունից առաջ 44 թվականին Հուլիոս Կեսարին սպանեցին։
Սկսվեց Կլեոպատրայի և Մարկոս Անտոնիոսի սիրո պատմությունը ։ 40 թվականին նրանք երկվորյակներ ունեցան, որոնցից մեկը՝ Ալեքսանդր Հելիոսը, հռչակվեց մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի թագավոր։ Սակայն Սենատը այդպես էլ չվավերացրեց Անտոնիոսի և Կլեոպատրայի ամուսնությունը, իսկ Հուլիոս Կեսարի ժառանգորդ հռչակված Օկտավիանոսը պատերազմ սկսեց Մարկոս Անտոնիոսի դեմ՝ ջախջախելով նրա ղեկավարած նավատորմը Իոնական ծովում։ Իսկ մեկ տարի անց կրելով երկրորդ պարտությունը, Անտոնիոսն ինքնասպան եղավ։ Ի՞նչ արած, աշխարհի ամենագեղեցիկ կնոջը սիրահարվելը նաև ողբերգական հետևանքներ է բերում։
Անցավ մի քանի օր, և ինքնասպանություն գործեց նաև Կլեոպատրան։ Բազմաթիվ վարկածներ կան այն մասին, թե ինչպես է դա եղել։ Մասնագետները չեն բացառում, որ եթե հաջողվի վերջապես հայտնաբերել Կլեոպատրայի և Անտոնիոսի աճյունները, միգուցե ժամանակակից գիտական եղանակներով հնարավոր լինի պարզել՝ արդյոք ճի՞շտ է ամենից շատ տարածված պնդումը, թե Կլեոպատրան դիտմամբ բաց է թողել թունավոր օձին, որի խայթոցից էլ վրա է հասել մահը։
Համենայնդեպս, հին հույն պատմիչ Պլուտարքոսը, որը մանրամասն նկարագրել է Անտոնիոսի և Կլեոպատրայի հարաբերությունները, գրում է, որ այն օրը, երբ հռոմեացիները ներխուժեցին Եգիպտոս և գրավեցին Ալեքսանդրիան, Անտոնիոսը նետվեց սեփական դաշույնի վրա և մահացավ Կլեոպատրայի ձեռքերում։ Երկու շաբաթ անց Կլեոպատրան մտավ այն դամբարանը, որտեղ պահվում էր Անտոնիոսի մարմինը, և այլևս դուրս չեկավ այնտեղից։ Նրա մարմինը հայտնաբերվեց Անտոնիոսի կողքին, սակայն այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպես է նա հեռացել կյանքից։
Համաձայնե՛ք, հուզիչ պատմություն է։ Տասնվեց դար անց Ուիլյամ Շեքսպիրը գրեց. «Աշխարհը չգիտի մեկ այլ շիրիմ, որն ամփոփի այսքան հայտնի երկու մարմին»։
Դեպի այդ շիրիմը ենթադրաբար տանող թունելը հայտնաբերած հնագետ Քեթլին Մարտինեսը խոստովանել է. «Ինձ հիացնում է Կլեոպատրան որպես պատմական դեմք, կրթված կին, փիլիսոփա և մայր»։ Միգուցե ճիշտ գնահատական է։ Բոլոր դեպքերում մեզ՝ հայերիս, Անտոնիոսի և Կլեոպատրայի կյանքի այլ դրվագներ էլ են հայտնի։ Բայց ելնելով հենց այսօրվա իրականությունից, նախ, ինքնաքննադատաբար փաստենք, որ միշտ դժգոհ ենք եղել դաշնակիցներից և փորձել ենք նոր դաշնակիցներ գտնել։ Այդպես էր նաև մեր թվարկությունից առաջ առաջին դարում։
Տիգրան Մեծի որդին՝ Արտավազդ Երկրորդը, որոշել էր, որ հայ-հռոմեական դաշինքը չի բխում Հայաստանի շահերից և Պարթևական թագավորության դեմ պատերազմում հրաժարվել էր սատարել Հռոմին։ Պարտություն կրած Անտոնիոսը հայոց թագավորի այդ կեցվածքը չներեց և 35 թվականին արշավեց Հայաստան։ Սպասվող ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով՝ Արտավազդը դիմեց ինքնազոհողության։ Անտոնիոսը գերեվարեց Արտավազդին և նրա ընտանիքին ու տարավ Եգիպտոս՝ Կլեոպատրայի մոտ։ Իսկ երբ Արտավազդը և նրա կինը Ալեքսանդրիայում կազմակերպված զորահանդեսի ժամանակ հրաժարվեցին խոնարհվել թագուհու առջև, Կլեոպատրան նախ նրանց բանտ նետեց, իսկ հետո՝ 31 թվականին, հրամայեց գլխատել Արտավազդ Երկրորդին։
Ինչևէ, շատ դժվար է համաձայնել գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեի հետ, որն ասել է. «Պատմությունը կանայք են կերտում, այնինչ պատմության մեջ մնում են միայն տղամարդկանց անունները»։ Կլեոպատրային մինչև հիմա հիշում են բոլորը։ Թե ով ինչպես է հիշում, դա արդեն լրիվ ուրիշ հարց է։