ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Պեմզաշենում սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը մեղսունակ է ճանաչվել, տեղեկացնում է Պեմզաշենի սպանության գործով տուժողների իրավահաջորդի շահերի պաշտպան Գարիկ Գալիկյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել անմեղսունակ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ։ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը): Ավելին, ըստ փորձագետի եզրակացության, Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին»,-նշված է փաստաբանի գրառման մեջ։
Ըստ տեղեկությունների, Վրույր Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի եւ հաշվառված է Հայաստանի հոգեբուժարաններից մեկում:
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։ Ոստիկանությունը ձերբակալել էր պեմզաշենի երկու բնակչի։