Մեդալների մոտ 40%–ը գյումրեցիներն են ապահովել. ՀՀ 2-րդ քաղաքում ընտրեցին 10 լավագույններին

Գյումրիում ընտրեցին 10 լավագույն մարզիկներին
Լավագույն մարզիկներին ընտրել են Գյումրու մարզական լրագրողներն ու սպորտում ավանդ ունեցող մարդիկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօր Գյումրիում ընտրեցին 10 լավագույն մարզիկներին: Տարբեր մարզաձևերից 61 մեդալ բերած մարզիկներից լավագույններին ընտրելը հեշտ չէր:
Ընտրությունը կատարվել է 3 տարիքային խմբում՝ մեծահասակներ, երիտասարդներ ու պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբում ներկայացված էր 10 մարզիկ:
Ընտրական գործընթացի մեկնարկից առաջ Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը հպարտությամբ խոսեց գյումրեցի մարզիկների այս տարվա հաջողությունների մասին:
«Շնորհակալ եմ քաղաքի բոլոր մարզական կառույցներին. լուրջ աշխատանք է կատարվել, լուրջ արդյունքներ ենք գրանցել: Ուրախ եմ, որ մարզիկների ցուցակը մեծ է՝ ընտրություն անելու հնարավորություն կա»,- շնորհավորելով բոլորին` ասաց նա։
Նա հիշեցրեց, որ այս տարի հանրապետության 10 լավագույն մարզիկներից 4–ը ևս գյումրեցիներ են:
«Ցանկալի կլիներ` մի քիչ շատ լինեին»,- ծիծաղելով ավելացրեց Ղազարյանը։
10 լավագույն մարզիկների ընտրության արդյունքում մեծահասակների տարիքային խմբում լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ): Գյումրեցիները, հաշվի առնելով նրա հաղթանակները, կատակում են. «Սպիտակ արջն իր տեղը հանրապետությունում ու հայրաքաղաքում մի քանի տարով «բռոնյա» է արել»: Այս տարիքային խմբում երկրորդը Հովհաննես Բաչկովն է (բռնցքամարտ), իսկ եռյակը եզրափակում է Վարազդատ Լալայանը (ծանրամարտ):
Երիտասարդների տարիքային խմբում լավագույնը Գարիկ Կարապետյանն է (ծանրամարտ), իսկ լավագույն պատանի մարզիկը` Ռոբերտ Սիմոնյանը (սամբո):
Գյումրու համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի մասնագետ Նորիկ Սարգսյանը, Sputnik Արմենիային ներկայացնելով ընտրական կարգը, տեղեկացրեց, որ լավագույն մարզիկներին ընտրելու իրավունք են ստացել քաղաքի մարզական լրագրողներն ու սպորտում ավանդ ունեցող մարդիկ:

«Տարին շատ բեղմնավոր էր՝ տարիքային տարբեր խմբերում ունեցանք 61 մեդալ Եվրոպայի և աշխարհի առաջնություններից: Մոտավորապես գրանցված արդյունքների հիման վրա էլ կազմվել են ցուցակները, որն էլ ներկայացվել է Գյումրի քաղաքի սպորտային ակտիվի քննարկմանը»,-ասաց նա։

Հավելենք, որ տարվա ընթացքում գյումրեցի մարզիկների նվաճած 61 մեդալներից 28–ը ոսկի էին, 14–ը` արծաթ, 19–ը` բրոնզ: