Իրանը հայտարարել Է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի մասին

Օմիդ Ղալիբաֆ
Պայմանավորվածությունը պետք է վավերացվի ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարաններում, ինչպես նաև Իրանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Իրանի իշխանությունները 2023 թվականի հունվարի 18-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն, հայտարարել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օմիդ Ղալիբաֆը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
Պաշտոնյայի խոսքով` ներկայումս Թեհրանը միության հետ ապրանքներ է փոխանակում արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի հիման վրա։ ԵԱՏՄ-ն նաև սակագնային արտոնություններ է տրամադրել իրանական 500 տեսակի ապրանքների համար, իսկ Իրանը ցանկում ներառել է միության 400 տեսակի ապրանք։
Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին նույնպես հայտարարել էր, որ Իրանն ու ԵԱՏՄ-ն ավարտել են ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները` հասնելով համապատասխան համաձայնության: Ձեռք բերված պայմանավորվածությունը պետք է վավերացվի ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարաններում, ինչպես նաև հենց Իրանում։