ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն հրաժեշտ է տվել հարազատներին և մտերիմներին։ Տեղեկությունը Twitter–ի իր էջում հայտնում է բրիտանացի գործարար, TSG մարզական կառավարման գործակալության բաժնետեր Ֆրենկ Խալիդը։
«Պելեն հրաժեշտ է տվել հարազատներին և ընկերներին։ Ֆուտբոլի լեգենդը աստիճանաբար պարտվում է քաղցկեղի դեմ պայքարում, ընտանիքը հայտարարել է, որ նրա վիճակը կրկին վատացել է», – գրել է Խալիդը։
Հիշեցնենք` Պելեին հիվանդանոց են տեղափոխել նոյեմբերի 30-ին։ 82-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել է մարմնի ընդհանուր այտուց, սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության մթագնում։ Հաղորդվում է, որ Պելեին հիվանդանոց են տեղափոխել 2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստաղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար: Նախկին ֆուտբոլիստի դուստրերի խոսքով՝ Պելեն հիվանդանոց է տեղափոխվել կորոնավիրուսով պայմանավորված թոքային վարակի պատճառով։
2022 թվականին Պելեն երկու անգամ հոսպիտալացվել է երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման համար։
Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Պելեի առողջական վիճակը վատացել է։ Բրազիլացու օրգանիզմում քաղցկեղ է զարգանում, երիկամների և սրտի աշխատանքի խաթարման պատճառով նա նաև ինտենսիվ խնամքի կարիք ունի։ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային, նրան պալիատիվ օգնություն է ցուցաբերվում։