Ելենա Կարաևա, ՌԻԱ Նովոստի
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ «անհրաժեշտ է մեխանիզմ մշակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը «կասեցնելու համար»:
Եվրամիությունը (իսկ Եվրախորհուրդը դրա համակարգաստեղծ ինստիտուտն է Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի հետ միասին) պատրաստվում է, այսպիսով, սկսել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայումը։
Եվ այստեղ պետք չէ երկրորդ իմաստ փնտրել եվրոպական բարձրագույն պաշտոնյաներից մեկի խոսքերում. խոսքն իսկապես այն մասին է, որ պատժամիջոցների միջոցով «ռուսական տնտեսությունը պատառոտելու» փորձից հետո, մեր երկրի ակտիվների սառեցման միջոցով մեր երկիրը կողոպտելուց հետո չեղյալ հայտարարվի նացիզմի դեմ հաղթանակի փաստը և ԽՍՀՄ-ի ներդրումը հիտլերյան ռեյխի և նրա արբանյակների ջախջախման գործում։
Ճիշտ է, եթե նայենք, թե ովքեր էին հիտլերյան առանցքի երկրների ցանկում, ապա կհայտնաբերենք ներկայիս ԵՄ անդամ պետությունների զգալի մասը։ Բայց եկեք դա պարզ աշխարհագրական զուգադիպություն համարենք, համենայն դեպս առայժմ:
ՄԱԿ-ը, ով ինչ ուզում է ասի, ստեղծվել է ռեյխին հաղթող տերությունների նախաձեռնությամբ (ԽՍՀՄ, ԱՄՆ, Բրիտանիա, ինչպես նաև Ֆրանսիա, որն այս շրջանակում ընդգրկվել է գեներալ դը Գոլի ջանքերի և Դիմադրության շարժման անդամների՝ նացիզմի դեմ պայքարում զոհած կյանքերի գնով):
Ուստի հենց նրանք էլ վետոյի իրավունք ունեցող ԱԽ մշտական անդամների իրավունքով կազմեցին այդ միջազգային կազմակերպության բարձրագույն մարմինը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր աթոռի գինը արյունով է չափվում։
Դրանք տասնյակ միլիոնավոր և հարյուր հազարավոր զոհեր են` զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Խոշտանգված, գնդակահարված, վերքերից, սովից և զրկանքներից մահացած։ Այդ աթոռները, ինչ էլ որ պարոն Միշելը ցանկանա մտածել այդ մասին և որքան էլ նա ու իր կողմնակիցները պնդեն, միայն Իսթ-Ռիվերի վրա գտնվող ՄԱԿ-ի շենքի կահավորման և ինտերիերի ձևավորման առարկա չեն։ Եվ ոչ էլ խոսափողը, որը կցված է բազկաթոռին:
Հարկ է նաև ուշադրություն դարձնել, թե ինչ պատճառաբանության հետ է Եվրախորհրդի պարոն նախագահը ծանոթացնում շահագրգիռ հանրությանը, ըստ որի Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին «պետք է կասեցնել»:
Պարզվում է՝ «Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը»:
Եկեք կրկին պատմական էքսկուրս կատարենք։
Եվրոպայում միջազգային իրավունքի և անվտանգության ժամանակակից կառուցվածքը, որը կարգավորում են իրավական փաստաթղթերը, գործնականում բոլորը ստեղծվել են երեք միջազգային համաժողովների ընթացքում ստորագրված փաստաթղթերի հիման վրա։
Դրանք են Թեհրան-43-ը, Յալթա-45-ը և Պոտսդամը` նույնպես 45-ին,բայց Եվրոպայում պատերազմի ավարտից հետո (Ճապոնիայի հետ պատերազմը դեռ շարունակվում էր):
Հենց այնտեղ հիմնադրվեց այսօրվա ամբողջ աշխարհակարգի ճարտարապետությունը, և հարկ է նաև հիշեցնել, որ բուն ՄԱԿ-ին անդամակցություն ստացան, բացի ԽՍՀՄ-ից, նաև Ուկրաինան և Բելառուսը։ Որովհետև Մոսկվան պնդեց՝ բացատրելով, թե ինչ ներդրում են ունեցել բելառուսներն ու ուկրաինացիները նացիզմի պարտության գործում։ Եվ ինչ արյան գնով:
Յալթայում և Պոտսդամում խորհրդակցությունների ժամանակ մշակված դրույթների խախտումները սկսվեցին գրեթե անմիջապես, հազիվ էր չորացել ստորագրված փաստաթղթերի թանաքը։ Մեկ տարի չանցած՝ 1946-ի մարտին, Արևմուտքը մեզ սառը պատերազմ հայտարարեց։
Այո, ինչ-որ գեղեցիկ խոսքեր հնչեցին «երկաթե վարագույրի», «բռնապետության» հարձակման մասին, այն մասին, որ «ազատ աշխարհի վրա կուտակվել են արևելքից եկող սպառնալիքի ամպերը», բայց իրականում այս ամբողջ հռետորաբանությունը ծառայում էր բոլորովին այլ նպատակի՝ մինչև վերջ հյուծել մեր երկիրը սպառազինությունների մրցավազք սկսելով։ Որպեսզի թույլ չտան, որ տնտեսությունը զարգանա։ Որպեսզի անգամ չնչին հնարավորություն չլինի վերականգնելու երկիրը, որի եվրոպական մասը ավերակների էր վերածվել։
Մենք չէինք, որ այն ժամանակ խախտեցինք միջազգային իրավունքը։ Նրանք էին։ Մենք չէինք, որ թքեցինք բոլոր պայմանավորվածությունների վրա, այլ նրանք՝ իսկույն սկսելով ՆԱՏՕ-ի ստեղծումը։ Դա 1949 թվականին էր, եթե հանկարծ որևէ մեկը մոռացել է կամ չի իմացել։
Վարշավայի պայմանագրի կազմակերպությունը հայտնվեց ամբողջ վեց տարի անց՝ 1955 թվականին։ Եվ որպես պատասխան քայլ։
Մենք չէինք այն ժամանակվա առճակատման նախաձեռնողները եվրոպական մայրցամաքում, այլ նրանք։
Արհամարհանքը նրանց նկատմամբ, ովքեր ժամանակին «զինակից եղբայրներ» էին համարվում, արտաքին քաղաքականություն վարելու մեր ձևը չէ։ Նորից. մենք ընդամենը պատասխանում ենք մեզ առաջարկված թշնամանքին և մեր երկրին ուղղված գոյության վտանգին, որը կարող է կրել այդ թշնամանքը։
Միջազգային իրավունքի խախտումը, որն այսօր այդքան հուզում է իշխանության բարձրագույն էշելոնի եվրոպացի չինովնիկներին, իրականում այդ նույն միջազգային հարթակում գործերը վարելու բացառապես եվրոպական ոճն է։
Իսկ բանավեճի ժամանակ ստելը, զրուցակիցներին մոլորեցնելը, դեմագոգիան, սեպարատ բանակցությունները նախանշված ծրագրերի իրականացման մեթոդներն են։ Մեր մեթոդները չեն, այլ Արևմուտքի։
Հակահիտլերյան կոալիցիայի գործընկերներից մեկի թիկունքում ընդհանուր թշնամու հետ կոնսենսուս փնտրել, միևնույն ժամանակ այդ գործընկերոջը խնդրելով արագացնել և ակտիվացնել գործողությունները մարտի դաշտում... չարժե թվարկել անգլո-ամերիկա-գերմանական «Sunrise» (նույն ինքը՝ «Խաչբառ», ինչպես անգլիացիներն են անվանում գաղտնի գործողության մանրամասները):
Ավելին, այն ընթանում էր հենց Կարմիր բանակի Վիսլա-Օդերյան հարձակման նախապատրաստման ժամանակ, իսկ Լոնդոնն ու Վաշինգտոնը Ստալինին շտապեցնում էին սկսել այն։ Սա վաղուց բոլորին հայտնի է։
Երկրորդ համաշխարհային պատերազմը, որն ավերակների վերածեց Արևելյան և Կենտրոնական Եվրոպան, և այն փաստը, որ հենց ԽՍՀՄ-ը ազատագրեց մայրցամաքը հիտլերյան ժանտախտից, այսօր փուշ է դարձել այդ երկրների ներկայիս առաջնորդներիքաղաքական կրունկներում։
Ներկայիս «լուսավոր եվրոպացիների» միասնական ընտանիքի գլխավոր աշխարհաքաղաքական խնդիրներից մեկն է ամեն ինչ անել, որպեսզի այն սխրանքն ու զոհողությունները, որոնք մենք կրել ենք Եվրոպան ռեյխի բռնապետությունից մաքրելիս, հանրային առօրյա գիտակցության մեջ դառնան«բռնության, բռնաճնշումների և քաղաքացիական ազատությունների ճնշման գործիք»։ Եվ դա, ինչպես բոլորս հիմա տեսնում ենք, սկսել է իրագործվել ճգնաժամի ներկայիս փուլից դեռ շատ առաջ։
Պարզապես իրադարձությունները տեղային էին թվում, ընդհանուր պատկերի մեջ դրանք դասավորվում էին շատ աստիճանաբար։
Այսօր նոր փուլ է սկսվում։ Դրա ուրվագծերը, ընդհանուր առմամբ, պարզ են:
Ոչ թե «ագրեսոր և միջազգային իրավունքի, քաղաքացիական ազատությունների խախտող ու առաջընթացի թշնամի» ԽՍՀՄ-ն է ազատագրել Եվրոպան՝ նպաստելով նաև ԵՄ-ի ստեղծմանը, այլ Եվրոպան ինքնուրույն է արել դա։
Իհարկե, ամերիկացի քաջարի GI-ների (ողջույն, փրկված շարքային Ռայան), բրիտանական և մասամբ ֆրանսիական զորքերի օգնությամբ:
Իսկ ԽՍՀՄ-ը մի կերպ գլորվում էր սայլաշարքի վերջում, որը նրան մատակարարել էին լենդ-լիզի շրջանակներում, ճանապարհին թալանելով տներից ճենապակյա սպասք և կանացի գիշերազգեստներ, «թալանի» և«դիակապտության» արանքում նաև «բռնաբարելով միլիոնավոր գերմանուհիների»:
Դե ինչ անես, ռուսներն ախր«բարբարոսներ» են։ Այդ «բարբարոսները» և «բոլշևիկյան ավազակախմբերը», արևմտյան քաղաքական վերնախավի այն ժամանակվա լուսատուներիինչ-որ անուշադրության և միամտության պատճառով աթոռ են ստացել ՄԱԿ-ի ԱԽ-ում, այն էլ` արգելափակող ձայնի իրավունքով։
Այդ անուշադրությունը անհապաղ(իհարկե պատմական իմաստով) պետք է շտկել։ Եվ Ռուսաստանի՝ այդ «միջազգային իրավունքը խախտողի» փոխարեն Անվտանգության խորհուրդ պետք է մտցնել հենց Գերմանիային: Որպես խաղաղասիրության, քաղաքական կոռեկտության, միջազգային իրավունքի խիստ պահպանման օրինակ-երկիր։ Միշտ։ Բոլոր ժամանակներում։
Ֆինանսներով ամրապնդված որոշակի ջանքերի դեպքում միանգամայն հնարավոր է, որ որոշ ժամանակ անց հնարավոր կլինի լսել, որ Հիտլերը պատերազմը սկսել էր հենց նրա համար, որ Եվրոպան (միացյալ) փրկի «բոլշևիկյան ամբոխից» և կոմունիստական բռնապետությունից և գաղափարախոսությունից։ Այսօր և հիմա դա դեռ անհավանական է թվում։
Բայց չէ որ այն պահին, երբ կարմիրբանակայինները գրոհում էին Բեռլինի վրա, հենց այդպես էր կոչվում գործողությունը, որը նախապատրաստում էին Բրիտանիակի գլխավոր շտաբում։ «Անհավանականը» պլանը ենթադրում էր պատերազմ սկսել ԽՍՀՄ-ի դեմ։ Անմիջապես այն բանից հետո, երբ խորհրդային զորքերը կմտնեին այն ժամանակվա ռեյխի մայրաքաղաք։
Այնպես որ, երբ Եվրոպայից և Եվրոպայում ասում են, որ Ռուսաստանի անդամակցությունը «պետք է կասեցնել Անվտանգության խորհրդում», դա ամենևին էլ շատախոսություն, խորհրդածություն և վարկած չէ։ Դա պարզապես ծրագրի մի մասի թույլատրելի արտահոսքն է, որն արդեն, ամենայն հավանականությամբ, ակտիվացված է, ինչպես ընդունված է ասել: Որը հաստատված է:
Բոլոր նրանց կողմից, ովքեր չեն հաշտվել ոչ սեփական պարտության, ոչ էլ մեր հաղթանակի հետ։ Եվ ռևանշի համար ճիշտ ժամի են սպասում։ Որպեսզի տեղերով փոխեն հաղթողներին, որոնք իրենց սխրանքի համար տասնյակ միլիոն կյանքերով են վճարել, և պարտվածներին։
Պարտվածներին ու կապիտուլյանտներին, որոնք այսօր ամենաշատը ցանկանում են զրկել մեզ մեր Հաղթանակից։