ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով և հարգել մարդու իրավունքները։
«Լաչինի միջանցք (Հայաստան/Ադրբեջան). մենք կոչ ենք անում կողմերին լուծել չլուծված խնդիրները երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցություններից»,- նշված է կազմակերպության Twitter–յան էջում հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։