ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Լիոնել Մեսսիի սենյակը, որտեղ նա իջևանել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին, թանգարան կդառնա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով RMC Sport-ին:
Դոհայում Կատարի համալսարանի 201 համարի սենյակն առաջիկա շաբաթների ընթացքում թանգարանի կվերածվի: Այնտեղ դրված է երկու մեկտեղանոց մահճակալ, գրասեղան, բազկաթոռներ, հեռուստացույց և մոխրագույն բազմոց՝ դեղին բարձերով։ Դռան վրա L. Messi անունով տախտակ ու Արգենտինայի դրոշ է փակցված։
Դեկտեմբերի 18-ին Արգենտինայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ հաղթեց աշխարհի առաջնությունում՝ եզրափակիչում 11 մետրանոցներով հաղթելով Ֆրանսիայի հավաքականին: Առաջին անգամ աշխարհի առաջնությունում հաղթած Մեսսին աչքի ընկավ դուբլով, ինչպես նաև մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց: