ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին շիլա, շոռակարկանդակ ու ձիթաբլիթ են հյուրասիրել

ԱՊՀ երկրների ղեկավարները Ռուսական թանգարանում
ԱՊՀ երկրների ղեկավարներից յուրաքանչյուրն ընտրության հնարավորություն է ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները, որոնք Սանկտ Պետերբուրգում են գտնվում ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում, այսօր նախաճաշել են Ռուսական թանգարանում։
Նրանց ճաշացանկում եղել է մի քանի տեսակի շիլա, հատապտուղներով թարմ կաթնաշոռ, ծովախեցգետնով ձիթաբլիթ, ձու պաշոտ, թթվասերով շոռակարկանդակ, «Երեք շոկոլադ» թխվածք և գլինտվեյն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՊՀ երկրների ղեկավարներից յուրաքանչյուրն ընտրության հնարավորություն է ունեցել։ Նրանց առաջարկվել է «5 տեսակի ամբողջահատիկ» շիլա, ինչպես նաև հնդկաձավար և բրնձի շիլա չամիչով։
Նշենք, որ երեկ` դեկտեմբերի 26-ին, Սանկտ Պետերբուրգում անցկացվել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի, գագաթնաժողովին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Մինչ գագաթնաժողովի մեկնարկը տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Գագաթնաժողովն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների աշխատանքային ճաշով:
Հիշեցնենք` Փաշինյանը ՌԴ է մեկնել կնոջ` Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր հետ։