ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանին այսօր հաստատել է Երևանի 2023թվականի բյուջեն, որը կկազմի 105 միլիարդ 103 միլիոն 316.6 հազար դրամ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես` 6 մլրդ 630 մլն դրամ նախատեսված է 24 մանկապարտեզի հիմնանորոգման, վեց մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման ու 2022թ.-ից մեկնարկած 9 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու համար:
69 բակային տարածքների հիմնանորոգման, խաղասարքերի տեղադրման, 17 ֆուտբոլի դաշտի վերակառուցման, ինչպես նաև նախորդ տարիներին շահագործման հանձնված բակերի ընթացիկ նորոգման ու պահպանման նպատակով բյուջեից 3 մլրդ 21 մլն դրամ կհատկացվի:
Վերելակների փոխարինման համար նախնական 1 մլրդ դրամ է նախատեսված, որով ձեռք կբերվի շուրջ 100 նոր վերելակ, սակայն հաջորդ տարի համայնքը նախատեսում է ավելացնել միջոցներն ու փոխարինել շուրջ 700 վերելակ:
Այգիների կառուցման ու պահպանման համար բյուջեից կհատկացվի 720 մլն 644 հազար դրամ, որով կհիմնանորոգվի 14 հանգստի գոտի, կիրականացվեն ընթացիկ նորոգման աշխատանքներ:
Մայրուղիների և փողոցների վերակառուցման և հիմնանորոգման համար կհատկացվի 404 մլն 73 հազար դրամ, իսկ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման ու հիմնանորոգման համար՝ 3 մլրդ 494 մլն դրամ:
Հաջորդ տարի 11.48%-ով կբարձրացվի համայնքային ենթակայության նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների աշխատավարձային ֆոնդը:
Ըստ հատկացումների` 2023թ. նախանշված մյուս ծրագրերին կարող եք ծանոթանալ` անցնելով այս հղումով:
Հավելենք, որ Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2023թ. փետրվարի 14-ին: