Ճկուն և հավասարակշռված քաղաքականություն. Խաչատուրյանն ընդունել է Քերոբյանին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ
Էկոնոմիկայի նախարարը ՀՀ նախագահին է ներկայացրել կապիտալ ներդրումների և տնտեսական ակտիվության ընդհանուր իրավիճակի մի շարք մանրամասներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ դրական է գնահատել անցնող տարվա ընթացքում էկոնոմիկայի նախարարության ճկուն և հավասարակշռված քաղաքականությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը նշել է, որ բավական բարդ և անկանխատեսելի տնտեսական իրողությունների պայմաններում էկոնոմիկայի նախարարության ձեռնարկած միջոցառումները հնարավորինս կառավարելի են դարձրել տնտեսական ռիսկային երևույթները:
«Ողջունելի են Էկոնոմիկայի նախարարության ջանքերը ներդրողների համար բարենպաստ և գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծման ուղղությամբ»,–նշել է Խաչատուրյանը։
Քերոբյանն իր հերթին ներկայացրել է կապիտալ ներդրումների և տնտեսական ակտիվության ընդհանուր իրավիճակի մի շարք մանրամասներ, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ լոգիստիկ խնդիրների հաղթահարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ մասնավորապես Լարսի անցակետի թողունակության բարձրացման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև եկող տարում Հայաստանի տնտեսության հնարավոր մարտահրավերների և դրանց լուծման ուղղիների վերաբերյալ հարցեր: