ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սև ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերվել` 58 մլրդ խորանարդ մետր պաշարով։
Sabah թերթն ավելի վաղ գրել է, որ Թուրքիան մոտ 10 մլրդ դոլար կներդնի Սև ծովի Սակարիայի հանքավայրից 540 մլրդ խ/մ գազի արդյունահանման և տեղափոխման նախագծի համար։ Ըստ ծրագրերի` հանքավայրի առաջին գազը Թուրքիա պետք է հասնի 2023 թվականին։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը նաև հայտնել է, որ Սև ծովում հայտնաբերված գազի հաշվարկային արժեքը կազմում է 400 մլրդ դոլար:
«Մեր «Ֆաթիհ» հորատման նավը 3023 մ խորության վրա ջրի տակ հայտնաբերել է 58 մլրդ խ/մ բնական գազի պաշար»,– այս մասին Էրդողանը հայտնել է կառավարության նիստից հետո ազգին ուղղված իր ուղերձում։
Ավելի վաղ հայտարարված պաշարները կազմում էին մոտ 540 մլրդ խ/մ։
«Նոր բացահայտման շնորհիվ Սև ծովում մեր պաշարներն ավելացել են 170 մլրդ խ/մ-ով` հասնելով 710 մլրդ խ/մ–ի»,– ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով` բնական գազը, որը հայտնաբերվել է Սև ծովում, այսօրվա ցուցանիշներով միջազգային շուկաներում արժե 1 տրիլիոն դոլար։