Նոր Խարբերդում նռնակ պայթեցած տղամարդը խանութի նախկին սեփականատերն է. մանրամասներ

Ոստիկաններ. արխիվային լուսանկար
Տղամարդը նռնակով սպառնացել է խանութի սեփականատիրոջ 16-ամյա որդուն, որ եթե նա դուրս չգա, կպայթեցնի խանութը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի խանութներից մեկում նռնակ պայթեցրած 35-ամյա տղամարդը խանութի նախկին սեփականատերն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Երեկ հայտնի դարձավ, որ մոտավորապես 16։30-ին Արամ Հ․-ն նռնակ է պայթեցրել Նոր Խարբերդի խանութներից մեկում։
«Տղամարդը նռնակով սպառնացել է հագուստի խանութի սեփականատիրոջ 16-ամյա որդուն, որ եթե նա դուրս չգա, կպայթեցնի խանութը։ Պատանին դուրս է եկել խանութից, ինչից հետո տղամարդը պայթեցրել է նռնակը։ Վնասվել են սրահի գույքը, պատուհանների ապակիները, իսկ գույքի մի մասը տղամարդը նետել է փողոց»,– ասված է ոստիկանության հաղորդագրությունում։
Իրավապահների բանակցությունների արդյունքում 35-ամյա տղամարդը վնասազերծվել է։ Նա ձերբակալվել է և ներկայացվել Մասիսի քննչական բաժին։ Տղամարդու մոտ հայտնաբերվել են «F-1» տեսակի մարտական նռնակ ու կռփազենք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։