ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի հարցով Բելառուսի դիրքորոշումը միանշանակ է` պետք է այնպես անել, որպեսզի մարդիկ չտառապեն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
«Այս հարցում քաղաքական շատ այլ պահեր կան հանգուցված, բայց, մեր կարծիքով, սա ամենագլխավոր թեման է։ Այն պետք է լուծել որքան հնարավոր է արագ»,–ասել է դեսպանը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակում ռուս խաղաղապահների՝ որոշ անձանց կողմից հնչող քննադատությանը, Կոնյուկը նշել է, որ իրականում ռուս խաղաղապահներին քննադատում են նրանք, ովքեր մեր երկրների համար բարին չեն ուզում։
Նրա խոսքով` անհեթեթություն են նման հայտարարությունները, քանի որ ՌԴ–ն փաստացի ապահովում է Հայաստանի խաղաղությունը, և ամեն ինչ անում է, որ ԼՂ խնդրի հետ կապված հարցերը լուծվեն։
«Ռուս սահմանապահների և խաղաղապահների ներկայությունն արդեն անվտանգության ապահովում է։ Այնպես որ, այդ քննադատություններին պետք է ադեկվատորեն մոտենալ»,–հայտարարել է դեսպանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։