ԿԲ–ի ադեկվատ քայլերի արդյունքում տարին փակվում է տնտեսական աճով. նախագահը` Գալստյանին

Մարտին Գալստյանը վստահեցրել է, որ տարին փակում են տարածաշրջանի և զարգացած երկրների համեմատ բավական լավ ցուցանիշերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Կենտրոնական բանկի ադեկվատ քայլերի և քաղաքականության արդյունքում տարին փակվում է տնտեսական աճով և առանց կտրուկ ցնցումների: Ընդունելով Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին` այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
«Տարին շատ յուրահատուկ է աշխարհի բոլոր կենտրոնական բանկերի համար, ֆինանսական համակարգերի համար։ Իմ անձնական դիտարկումներով` Կենտրոնական բանկի գործողությունները շատ ադեկվատ էին, և այդ ադեկվատության արդյունքում մեզ մոտ և՛ տնտեսական աճ կա, և՛ ցնցումներ չկան, ֆինանսական համակարգում որևէ արտառոց երևույթ տեղի չի ունեցել: Դուք էլ շատ լավ գիտեք, որ ֆինանսական համակարգը սիրում է հանդարտություն և կառավարելիություն: Ես հույս ունեմ, որ եկող տարի էլ դուք նույն կերպ կշարունակեք»,- ընդգծել է Խաչատուրյանը:
Գալստյանն իր հերթին ասել է, որ տարին մարտահրավերներով լի էր, բայց կենտրոնական բանկը բալանսավորված քաղաքականություն վարելով` տարին փակում է տարածաշրջանի և զարգացած երկրների համեմատ բավական լավ ցուցանիշերով։
Վահագն Խաչատուրյանն ու Մարտին Գալստյանը
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա տարում ֆինանսական համակարգերի կայունության և կառավարելիության պահպանման ուղիներն ու ռիսկերը, և վերջիններիս չեզոքացմանն ուղղված ԿԲ–ի ձեռնարկելիք միջոցառումները: