ՀՀ նախագահը պատրաստ է աջակցել կառավարության ծրագրերին. նա ընդունել է Տիգրան Խաչատրյանին

Վահագն Խաչատուրյանն ու Տիգրան Խաչատրյանը
ՀՀ նախագահն ու նորանշանակ փոխվարչապետը պայմանավորվել են շարունակական դարձնել աշխատանքային փոխադարձ շփումներն ու խորհրդապահական բնույթի հանդիպումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել կառավարության կողմից նախատեսվող ծրագրերին: Նա այդ մասին ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը։
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նա նորանշանակ փոխվարչապետին շնորհավորել է բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
«Ես որևէ կասկած չունեմ, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի Ձեր փորձը մեծ ու կարևոր դեր է խաղալու փոխվարչապետի պաշտոնում և իմ անձնական գնահատականով Ձեր նշանակումը կհանգեցնի նաև կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է Խաչատուրյանը։
Տիգրան Խաչատրյանն էլ ասել է, որ իր աշխատանքային կենսագրության ընթացքում մշտապես առաջնորդվել է համագործակցության սկզբունքով և նոր պաշտոնում ջանքեր չի խնայելու իր համակարգման ներքո գտնվող գերատեսչությունների և ընդհանրապես գործադիրի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Փոխվարչապետը նախագահին է ներկայացրել տարվա ավարտին հայաստանյան ֆինանսական համակարգերում առկա ընթացիկ զարգացումների ընդհանուր պատկերը և գալիք տարում կանխատեսելի ռիսկերն ու դրանց դիմակայելու ուղիները, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացմանն ուղղված միջոցառումների հնարավորությունները:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային փոխադարձ շփումներն ու խորհրդապահական բնույթի հանդիպումները:
Հիշեցնենք` դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ էր անցկացվել, որի սկզբում վարչապետը հայտնել էր, որ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնում` Վահե Հովհաննիսյանը, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Տիգրան Խաչատրյանի նշանակման հրամանագիրը ստորագրեց նույն օրը, իսկ Վահե Հովհաննիսյանինը` դեկտեմբերի 20-ին։