ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. BMX-ռեյսի Ռուսաստանի չեմպիոն Վլադիմիր Լևինը մահացել է դանակի հարվածից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին։
«Մենք ցավակցում ենք Վլադիմիրի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։ Դժվար է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ»,-ասել է Ռուսաստանի BMX-հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Պավել Կոստյուկովը։
Հետաքննության տվյալներով` դեկտեմբերի24-ի գիշերը Լենինսկի շրջանի սրճարանում 41-ամյա Լևինի և 28-ամյա տղամարդու միջև (նրանք ծանոթ չեն եղել իրար) վիճաբանություն է տեղի ունեցել: Դեկտեմբերի24-ի ցերեկը հարաբերությունները պարզելու նպատակով տղամարդիկ հանդիպել են Գագարինի փողոցում, ուր եկել են ընկերների հետ։
Նրանց միջև ծեծկռտուք է սկսվել։ Դանակահարության հետևանքով տուժողը տեղում մահացել է։ Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105 հոդվածով (սպանություն)։ Կասկածյալը ձերբակալվել է, շուտով նրա համար խափանման միջոց կընտրվի։
Ավելի վաղ սոցցանցերում գրել էին, որ Սարանսկում սպանել են տղամարդու, որը սրճարանում պաշտպանել է մի աղջկա։ Ըստ հրապարակումների` տղամարդը միջամտել է, որովհետև ընկերը ծեծել է աղջկան ։
ՌԴ ՔԿ շրջանային վարչությունում հայտնել են, որ քննիչները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, հարցաքննում են սպանության և դրան նախորդած կոնֆլիկտային իրավիճակի ականատեսներին ու վկաներին: