Արցախում 10 մեծահասակ և 10 երեխա գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում

«Հանրապետական» բժշկական կենտրոնо Ստեփանակերտում. Արխիվային լուսանկար
«Հանրապետական» ԲԿ–ում գտնվող 10 բուժառուից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱՆ մամուլի ծառայությունը։
««Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում։ «Հանրապետական» բժշկական կենտրոնում 10 բուժառու գնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արևիկ» բուժմիավորումում գտնվող 4 ամսական փոքրիկը, որի մոտ ախտորոշվել է «ընդերային լեյշմանիոզ», Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ արդեն տեղափոխվել է ՀՀ։
Նա այժմ էլ շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։