Արցախից Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. ԱՆ

4 ամսական փոքրիկին այժմ հսկում է այն բժիշկը, որը մինչև նրա Հայաստան տեղափոխվելը, բուժում էր իրականացնում հեռավար տարբերակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 24–ին Արցախից Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Նրա խոսքով` փոքրիկին այժմ հսկում է այն բժիշկը, որը մինչև նրա Հայաստան տեղափոխվելը բուժում էր անցկացնում հեռավար տարբերակով։
«Բուժման կուրսը նույնն է, փոքրիկի առողջական վիճակում փոքր–ինչ դրական տեղաշարժ կա։ Երեխան մի քիչ աշխուժացել է, սկսել է ուտել, բայց,հիվանդությանը հատուկ, շարունակում է բարձր ջերմել։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր»,– ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ երեխան օրեր շարունակ ծանր վիճակում գտնվում էր «Արևիկ» մանկական հիվանդանոցում, նրա մոտ հայտնաբերվել է լեշմանիոզ հիվանդություն: Նա Հայաստան էր տեղափոխվել Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։