ՌԱԴԻՈ

ԱՊՊԱ համակարգն անհրաժեշտություն է, բայց Հայաստանում այն արդյունավետ չի գործում. Խաչատրյան

Երթևեկության անվտանգության փորձագետ Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՊՊԱ սակագների ազատականացման խնդրին։
Sputnik
ԱՊՊԱ սակագների ազատականացման արդյունքում կշահեն ոչ թե վարորդները, այլ ապահովագրական ընկերությունները։ Ճիշտ չէ վերջիններին թույլ տալ ռիսկերը վերաապահովագրել ըստ ճաշակի, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց երթևեկության անվտանգության փորձագետ Արթուր Խաչատրյանը։
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը ավելի վաղ հայտարարել էր, որ 2023 թվականին ԱՊՊԱ սակագները կազատականացվեն և գների ազատականացման պահից Հայաստանում գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն կառաջարկի սեփական մոդելավորման հիման վրա ստացված ապահովագրավճարները:
«ԱՊՊԱ համակարգն անհրաժեշտ է բոլորին և դարձել է մեր կենցաղվարության անբաժանելի մասը, սակայն համակարգն, այդուհանդերձ, լավ չի գործում։ Վերջին տասը տարվա կտրվածքով վթարների ժամանակ ապահովագրական ընկերությունների կողմից իրականացված առաջնային փորձաքննությունների մեծ մասը բողոքարկվել է, արդյունքները կրկնակի փորձաքննությունից հետո վարորդների համար շահեկանորեն 99 տոկոսով փոխվել են, հետևաբար հարց է առաջանում՝ արդյոք համակարգը ճիշտ է աշխատում, եթե այդքան դժգոհություններ են եղել։ Տասը տարվա ընթացքում հիմնարար բարեփոխումներ չեն իրականացվել, համակարգը սխալ է աշխատում, սակայն ոչ ոքի դա չի հետաքրքրում»,– ասաց Խաչատրյանը։
Անդրադառնալով կոնկրետ ԱՊՊԱ սակագների ազատականացմանը` մեր զրուցակիցն ընդգծեց, որ ոմանց պարագայում, եթե սակագներն էժանանան, իհարկե լավ կլինի, բայց և հիշեցրեց, որ նախկինում ապահովագրական համակարգն շատերի դեպքում բոնուսներ չի ապահովել։ Մյուս կողմից էլ եղել են անբարեխիղճ վարորդներ, որոնք իրենց հերթին օգտվել են օրենքի բացերից և մեծ վնաս պատճառել ոչ այնքան ապահովագրական ընկերություններին, որքան համակարգին։
«Եթե երկու տարի առաջվա ապահովագրության գինը հաշվարկվի դոլարային արժեքով, որին գումարվելու է ազատականացման արդյունքում թանկացած գինը, ստացվում է, որ ԱՊՊԱ սակագինը միջինում մոտ 40 տոկոսով բարձրանալու է։ Ինչ վերաբերում է փոխհատուցումներին, ապա սակագների ազատականացումն այդ գործընթացի վրա որևէ ազդեցություն չի ունենա։ Կարևորը զուտ հատուցումը չէ, այլ որպեսզի ճիշտ մարդու ճիշտ բանի համար ճիշտ քանակով փոխհատուցում տրվի»,– ասաց երթևեկության անվտանգության փորձագետը։
Խաչատրյանի դիտարկմամբ` եթե Ավտոապահովագրողների բյուրոն հայտարարում է, թե վերահսկելու է սականգնային վերին շեմը կամ բազային արժեքը, ապա դա իրատեսական չէ, որովհետև բոլոր հաշվարկներն իրականացվելու են մայր գումարի շուրջ` կիրառելով տարբեր գործակիցներ։ Ըստ նրա` սակագնային քաղաքականությունն արդեն իսկ դուրս է վերահսկողությունից։
ԱՊՊԱ-ների հետ կապված օրենսդրական փոփոխությունը անտրամաբանական է. Եսայանն ասաց` ինչու
«Ինչ վերաբերում է համակարգի մոնոպոլիզացիայի վտանգին, ապա սակագների ազատականացման դեպքում շատ բան չի փոխվի։ Ապահովագրական ընկերությունները շուկայում կայուն դիրք ունեն, իսկ եթե մեկմեկու զիջել են իրենց դիրքերը, ապա դա եղել է կամովին` որպես ներքին քաղաքականության արդյունք։ Ուղղակի վերանայվել են բիզնեսին առնչվող մոտեցումները։ Այստեղ մենք գործ ունենք մի համակարգի հետ, որտեղ բոլորն էլ ռիսկերը հաշվարկում են»,– ասաց մեր զրուցակիցը։
Ըստ այդմ` հաշվարկների արդյունքում ամեն ընկերություն սակագներ հաստատելիս հենվելու է իր տրամադրության տակ եղած տվյալների վրա` սկսած վարորդների տարիքից, վերջացրած մեքենաների մակնիշով ու արժեքով։
Նշենք, որ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի փոխանցմամբ` սակագների ազատականացումը, տեխնիկական լուծումներով պայմանավորված, ամենայն հավանականությամբ հաջորդ տարվա մարտ ամսից շուտ չի գործարկվի։