Ժողովուրդը չպետք է տուժի Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով. Մարուքյան

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը կադրեր է հրապարակել Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքից և գրել, որ դա ժողովրդի ձայնն է ընդդեմ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր Twitter-ի էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանն ու այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին։
Նա կադրեր է հրապարակել հանրահավաքից ու գրել. «Ժողովուրդի ձայնը ընդդեմ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը դեմ. օր 14–րդ»։
Նա հիշեցրել է՝ ամբողջ աշխարհն է արդեն հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է տուժի Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով։
«Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծման համար միջազգային մեխանիզմների ստեղծումն այլընտրանք չունի»,– գրել է նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։