ՌԴ–ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված չէ

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Դմիտրի Պեսկովի խոսքով` ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ժամանելու են Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպում Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք ներկա են լինելու, սակայն երեքով հանդիպում նախատեսված չէ», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը համաձայնեցված չէ, և երեք երկրների առաջնորդները կարող են զրուցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։
Հավելենք, որ այն կանցկացվի դեկտեմբերի 26-27-ը։
Հիշեցնենք, որ Սոչիում հոկտեմբերի 31-ին կայացել էր ՌԴ–ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ` Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ գագաթնաժողովը։ Բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն էր ընդունվել։