Կարմիր խաչը Հայաստանից Արցախ 10 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխել

Արխիվային լուսանկար
Բեռը տրամադրել է ՀՀ իշխանությունը` առողջապահության համակարգի համար նախատեսված տարբեր դեղորայք, մանկական և այլ սնունդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik․ Հայաստանը ԼՂ 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել։ Sputnik Արմենիային տեղեկությունը հաստատեց Հայաստանում ԿԽՄԿ–ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Լաչինի միջանցքով 10 տոննա մարդասիրական բեռ է հասցրել», – հայտնեց Ամատունին։
Նրա խոսքով` այնտեղ բժշկական կառույցների համար նախատեսված դեղորայք, մանկական և այլ սնունդ է։
Բեռը տրամադրել են Հայաստանի իրավասու մարմինները, Կարմիր խաչը բեռնատար է տրամադրել և ապահովել անցումը միջանցքով։
Ավելի վաղ Ամատունին Sputnik Արմենիային հայտնել էր, որ Արցախից Հայաստան օտարերկրյա 4 քաղաքացի է տեղափոխվել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։