Կարմիր խաչը Արցախից 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերել

Օտարերկրացիների դուրսբերումը Կարմիր խաչը կազմակերպել է` համագործակցելով այդ երկրների ներկայացուցչությունների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik․ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ԼՂ–ից 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ–ի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այսօր մեր միջնորդությամբ կազմակերպվել է Հայաստան օտարերկրյա 4 քաղաքացիների տեղափոխումը», – ասաց Ամատունին։
Այս մարդիկ տարբեր տեսակի քրոնիկ հիվանդություներ ունեն և նրանք այնտեղից իրենց դուրս բերելու խնդրանքով դիմել են Կարմիր խաչին։
ԿԽՄԿ–ի աշխատակիցները նրանց տեղափոխելու համար դիմել են համապատասպան օտարերկրյա ներկայացուցչություններ և այլ կառույցներ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։