Կանանց աշխատանքի արգելքից հետո մի շարք միջազգային ՀԿ–ներ հեռացել են Աֆղանստանից

Աֆղանացի կինը շուկայում. Արխիվային լուսանկար
Աֆղանստանում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին հայտնել են Save the children, «Փախստականների գործերով նորվեգական խորհուրդ» (NRC) և CARE կազմակերպությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Մի շարք միջազգային հասարակական կազմակերպություններ Աֆղանստանում դադարեցրել են իրենց գործունեությունն այն բանից հետո, երբ թալիբները («Թալիբան» շարժումն ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ–ի պատժամիջոցների ներքո) որոշել են արգելել իգական սեռի ներկայացուցիչներին աշխատել տեղի և միջազգային ՀԿ–ներում։
Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ կան
Նախօրեին թալիբները բոլոր տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններին հրահանգել են Աֆղանստանում դադարեցնել իգական սեռի ներկայացուցիչների աշխատանքը «մինչ հետագա ծանուցումը»։
Երեկ իրենց գործունեությունը դադարեցնելու մասին են հայտնել Save the children, «Փախստականների գործերով նորվեգական խորհուրդ» (NRC) և CARE կազմակերպությունները։ Նրանք նաև դատապարտել են թալիբների որոշումն ու հայտարարել, որ չեն կարող արդյունավետ կատարել իրենց աշխատանքը առանց իգական սեռի ներկայացուցիչների։
«Մենք դադարեցնում ենք մեր ծրագրերն ու պահանջում, որ տղամարդիկ և կանայք կարողանան հավասար հիմունքներով շարունակել աջակցել մեզ Աֆղանստանում կյանքերի պահպանման գործում», – ասվում է ՀԿ–ների համատեղ հայտարարության մեջ։
Ավելի վաղ աֆղանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ թալիբների կառավարության բարձրագույն կրթության նախարարությունը կարգադրել է Աֆղանստանի մասնավոր և պետական բուհերում արգելել ուսանողուհիների ուսումնառությունը։ Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարը հայտարարել էր, որ աշխարհիկ բուհերում աղջիկների ուսուցումը խախտում է իսլամի օրենքներն ու հակասում իսլամական ավանդույթներին։