ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հավանություն չի տալիս հարցվածների շուրջ 58%։ Նման տվյալներ է հրապարակել Հայաստանում GALLUP International–ի ներկայացուցիչ MPG ընկերությունը։
Հարցման արդյունքների համաձայն` վարչապետի գործունեությանը միանշանակ հավանություն է տալիս 23,2%–ը, ավելի շուտ հավանում է 14,8%-ը, ավելի շուտ չի հավանում 23,1%-ը, ընդհանրապես չի հավանում 34,7%-ը։ Հարցման մասնակիցների 4,2%–ը դժվարացել է պատասխանել։
Կառավարության գործունեությունը միանշանակ և ավելի շուտ հավանության է արժանացրել 42%-ը, չի հավանում 50,8%–ը։ ՀՀ խորհրդարանի վարկանիշն էլ ավելի ցածր է` հարցման մասնակիցների 35,7%–ը դրական է գնահատել ԱԺ–ի գործունեությունը, 57,9%–ը` բացասական։
Հարցվածները նաև գոհ չեն երկրի տնտեսական վիճակից։ «Շատ լավ է», «Լավ է» գնահատել է 12,6%–ը։«Միջին»` 53,9%–ը, «վատ» և «շատ վատ»` մոտ 32,8%–ը։
Հեռախոսային հարցումն անցկացվել է 2022 թվականի դեկտեմբերի 5-10-ը։ Հարցմանը մասնակցել է 1100 ՀՀ բնակիչ։ Վիճակագրական սխալմունքը կազմում է 3%։