Եվրասիական զարգացման բանկը մտադիր է ներդրում անել «Վերին Լարսի» ընդլայնման գործում

«Վերին Լարս» անցակետ
«Վերին Լարսի» անցակետով անցնող ավտոմոբիլային ճանապարհը միակն է, որը Հայաստանը կապում է ԵԱՏՄ երկրների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik․ Եվրասիական զարգացման բանկը ներդրում կանի «Վերին Լարսի» անցակետի ընդլայնման համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։
Վերին Լարսում թողունակության առումով դրական տեղաշարժ է նկատվում. ինչով է դա պայմանավորված
«Վերին Լարսով» անցնող ավտոմոբիլային ճանապարհը, ըստ էության, միակ ավտոճանապարհն է, որը ՀՀ–ն կապում է ԵԱՏՄ երկրների հետ։ Անցակետի ընդլայնումը «Հյուսիս–Հարավ» ՄՏՄ-ի ավտոմոբիլային երթուղու զարգացման առաջնահերթություններից մեկն է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բանկից հայտնեցին, որ դիտարկում են Ճանապարհային ենթակառուցվածքների և մեծածախ-լոգիստիկ համալիրի կառուցման համար Տտեխնիկական աջակցության հիմնադրամի միջոցներից ֆինանսավորում հատկացնելու հնարավորությունը՝ այդ հատվածի թողունակությունն ու ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարձրացնելու, ինչպես նաև վարորդների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։
«Տեխնիկատնտեսական հիմնավորման ֆինանսավորման պարագայում մենք կստանանք անհրաժեշտ և առավել պահանջված ենթակառուցվածքների օպտիմալ կազմը, որը հետագայում պետք է կառուցվի։ Հույս ունենք, որ ներդրողի հայտը կուսումնասիրվի ընթացիկ տարում», – հայտնել է բանկը։
Հայտին դրական պատասխան տալու դեպքում Տեխնիկատնտեսական հիմնավորման նախապատրաստական աշխատանքները հնարավոր կլինի ավարտել 2023 թվականի առաջին կիսամյակում։
Այս փուլում հայտ է ստացվել ռուսական ներդրողից։ Սակայն չի բացառվում, որ այլ երկրներից ևս ներդրողներ կներգրավվեն։
Ավելի վաղ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դենիս Իլյինը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, հայտնել էր, որ բանկը մտադիր է տարեկան շուրջ 100 մլն դոլարի ներդրում իրականացնել Հայաստանում։
Նրա խոսքով` Հայաստանի հետ կապված նախագծերի թվում, որոնք բանկը դիտարկում է` ներդրումներն են Երևանի մետրոպոլիտենում, «Վերին Լարսի» ընդլայնման գործում, «Ամուլսար» ԶՊՄԿ–ում և այլն։