ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչն իր Twitter-ի էջում գրել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին։
«Լաչինի միջանցքի հասարակական կարգի ու անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը` ճանապարհով տեղաշարժն անհապաղ վերականգնելու համար»,– գրել է նա։
Դունյա Միյատովիչը հավելել է, որ այդ քայլը պետք է արվի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։