Ծանր վիճակում գտնվող արցախցի փոքրիկին «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխում

«Մուրացան» բժշկական համալիր
Երեխան օրեր շարունակ ծանր վիճակում գտնվում էր Արցախի «Արևիկ» մանկական հիվանդանոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. «Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման ծառայության թիմը ռեանիմոբիլով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխային։ Տեղեկությունը հրապարակվել է «Արաբկիր» բժշկական համալիրի ֆեյսբուքյան էջում։
«Երեխայի տեղափոխումը Արցախից Հայաստան հնարավոր է դարձել Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարությունների, Կարմիր խաչի, Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի և «Արաբկիր» բժշկական համալիրի համագործակցության շնորհիվ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ երեխան օրեր շարունակ ծանր վիճակում գտնվում էր «Արևիկ» մանկական հիվանդանոցում, նրա մոտ հայտնաբերվել է լեշմանիոզ հիվանդություն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին այսօր Sputnik Արմենիային հայտնեց, որ «Արևիկ» բուժմիավորման նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, այսօր տեղափոխվել է Հայաստան։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։