Շախմատի սիրողական թիմային մրցաշարն ավարտվեց. ո՞ր տեղը զբաղեցրին լրագրողները

«Հայաստանի լրագրողներ» թիմը
Առաջին տեղը զբաղեցրեց «Մենք» թիմը, երկրորդը` «Գամբիտը», երրորդը` Նոյեմբերյանի «Նոյենբուրգ» թիմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի լրագրողների հավաքականն ավարտեց իր ելույթը Շախմատի ակումբային թիմային մրցաշարում (սիրողական շախմատիստների միջև), որի երրորդ փուլը կայացավ այսօր:
«Գրչի վարպետները», որոնց կազմում խաղում էր նաև Sputnik Արմենիայի խմբագիր Արա Նալբանդյանը, թիմային պայքարում գրանցեց երկու հաղթանակ, մեկ ոչ-ոքի և երեք պարտություն։
«Հայաստանի լրագրողներ» թիմը
Լրագրողական թիմին միավորներ բերեցին Արարատ Պետրոսյանը («Հայաստանի Հանրապետություն»), որը 6 հնարավորից վաստակեց 4 միավոր, Ռուբեն Մարգարյանը («Գոլոս Արմենիի»)` 3,5 միավոր 6-ից, և Արա Նալբանդյանը (Sputnik Արմենիա), որը 50 տոկոս արդյունք ցույց տվեց` 3 միավոր 6-ից: Պետք է նշել, որ թիմը խաղում էր ոչ լիարժեք կազմով (հարգելի պատճառով բացակայում էր Նորայր Շողիկյանը Հանրային հեռուստաընկերությունից)։
Թիմային հաշվարկում «Հայաստանի լրագրողներ» թիմը վաստակեց 5 միավոր և «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և Ամերիկյան համալսարանի շախմատիստների հետ կիսեց 15-17-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով լրագրողական շախմատի թիմը զբաղեցրեց տասնվեցերորդ հորիզոնականը։ Մրցաշարին 21 թիմ էր մասնակցում։
Առաջին տեղը զբաղեցրեց «Մենք» թիմը, երկրորդը` «Գամբիտը», երրորդը` Նոյեմբերյանի «Նոյենբուրգ» թիմը։
Մրցաշարը կազմակերպել էր Հայաստանի շախմատի ակադեմիան, գլխավոր հովանավորը «Ալֆա Ֆարմ» ընկերությունն էր:
Մրցաշարի ավարտին տեղի ունեցավ մեդալների և մրցանակների հանձնման արարողությունը: Բացի գլխավոր մրցանակներից, նաև հատուկ մրցանակներ էին սահմանվել լավագույն արդյունք գրանցած շախմատիստների համար:
Հիշեցնենք, որ ակումբային առաջնության երկրորդ փուլում, որն անցկացվել էր այս տարվա հունիսին, «Հայաստանի լրագրողներ» թիմը կիսել էր 8-9-րդ հորիզոնականները։