ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել` ինչպես է խաղաղության պայմանագրում առաջարկվում լուծել ԼՂ–ի հարցը

Միխայիլ Գալուզին
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի քննարկումն իրականացվում է Բաքվի և Երևանի միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում առաջարկվում լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության պայմանագրի քննարկումն իրականացվում է անմիջականորեն Բաքվի և Երևանի միջև»,- ասել է նա։
Գալուզինը հավելել է, որ Մոսկվան միայն օգնություն է ցուցաբերում կողմերին, ինչպես արձանագրված է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովից հետո Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։
«Նման զգայուն թեմայի շուրջ բանակցությունները գաղտնի են, և մենք դրանց բովանդակությունը մեկնաբանելու իրավունք չունենք, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, դա միայն կվնասի գործին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել է իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։