ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Տիտեին կողոպտել են Բարրա փողոցում (Բրազիլիա, Բաիա նահանգ)։ Տեղեկությունը հայտնում է «O Globo»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր, երբ Տիտեն զբոսնելիս է եղել քաղաքի փողոցներով։ Գողը շրջանցել է նրան և պոկել 61-ամյա Տիտեի շղթան։ Միաժամանակ հանցագործը հասցրել է դժգոհել ազգային հավաքականի` Կատարում ցուցադրած խաղից։
Դեկտեմբերի 9-ին Կատարում աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Խորվաթիային պարտվելուց հետո Տիտեն հայտարարեց, որ լքում է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Բրազիլացիները համարվում էին մրցաշարի ֆավորիտները։
Հիշեցնենք` Տիտեն Բրազիլիայի հավաքականը գլխավորեց 2016 թվականին։ Թիմը նրա ղեկավարությամբ նվաճեց Ամերիկայի գավաթը ( 2019 թվական)։ Ռուսաստանում կայացած ԱԱ-2018-ում բրազիլացիները դուրս եկան 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվեցին Բելգիայի հավաքականին։
Ազգային հավաքականից առաջ Տիտեն մարզել է բրազիլական մի շարք ակումբներ, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այն» և «Ալ Վահդա» ակումբները։