ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտգործնախարարությունը խիստ կասկածում է, որ Լաչինի միջանցքը փակել են ադրբեջանցի անկախ ակտիվիստները։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Twitter-ում գրել է, որ Ադրբեջանը աշխարհում ժողովրդավարության ամենացածր վարկանիշ ունեցող երկրներից է։
«Քաղաքացիական և քաղաքական ազատությունների հարցում Ադրբեջանն աշխարհում ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից մեկն ունի՝ ցույցերը, բողոքի ակցիաները ճնշելու և տասնյակ քաղբանտարկյալների իրավունքները խախտելու ապացուցված փաստերով: Հետևաբար գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել առանց պետական մարմինների անմիջական ղեկավարման և վերահսկողության, առնվազն անհավանական է»,- նշել է Հունանյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։