ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկություն է ստացել Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրերն իրականացողների մասին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ–լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
Նա նշել է, որ ՌԴ ռազմական գերատեսչությունը ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գործակալության զեկույցի ընդլայնված տարբերակի հասանելիություն է ստացել։
«Փաստաթղթի համաձայն՝ ռազմակակենսաբանական ծրագրերի իրականացնողներն են Մեչնիկովի անվան Ուկրաինայի հակաժանտախտի ինստիտուտը, անասնաբուժական բժշկության ինստիտուտը, Լվովի համաճարակաբանության և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտը: Զեկույցում տեղեկություն կա Պենտագոնի երեք կապալառուների մասին, կան լաբորատորիայի երեսուն աշխատակիցների անձնական տվյալներ և ԱՄՆ պաշտպանության նախարարության յոթ ղեկավարների տվյալներ»,- ասել է գեներալը։
Նրա խոսքով՝ հրապարակված փաստաթղթերը լրացնում և հաստատում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը։
«Ավելի վաղ մենք ներկայացրել էինք նյութեր, որոնք հաստատում էին Հանթեր Բայդենի և նրա «Rosemont Seneca» հիմնադրամի, ինչպես նաև ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից վերահսկվող այլ կառույցների մասնակցությունը Ուկրաինայում գործող Պենտագոնի հիմնական կապալառուների ֆինանսավորմանը։ ԱՄՆ նախագահի որդին` Հանթեր Բայդենը, մասնակցել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից վերահսկվող «Metabiota» ընկերության ֆինանսավորմանը»,- ասել է Կիրիլովը։
Գեներալն ընդգծել է, որ միևնույն ժամանակ փակ նախագծերի որոշ մասնակիցներ դեռևս ստվերում են, թեև նրանք ուկրաինական ռազմակենսաբանական ծրագրի առանցքային դեմքերն են։
«Նրանց թվում են DTRA-ի նախկին տնօրեն Քենեթ Մայերսը, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախկին ղեկավար Թոմաս Ֆրիդենը, Առողջապահության ազգային ինստիտուտի նախկին տնօրենը Ֆրենսիս Քոլինզը, որը զբաղեցնում էր «Battelle» մեմորիալ ինստիտուտի գործադիր տնօրենի պաշտոնը, «Pfizer»-ի միջազգային հետազոտությունների,մշակումների և բժշկության բաժնի տնօրեն, գլխավոր գիտաշխատող Ջեֆրի Վոդսվորթը և շատ ուրիշներ»,–նշել է նա։
Կիրիլովը հավելել է, որ հենց այս մարդկանց պետք է հարցնել, թե ինչու են հարկատուների միջոցները ծախսվում Ուկրաինայում և աշխարհի այլ երկրներում անօրինական ռազմակենսաբանական հետազոտությունների համար։