Հայաստանում փայտացման դեպք է գրանցվել. քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է

Հիվանդանոց
Հայաստանի Հանրապետությունում փայտացման վերջին դեպքը գրանցվել էր 2020 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում փայտացման դեպք է գրանցվել, 85 տարեկան քաղաքացին տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)` նշելով, որ դեպքը գրանցվել է դեկտեմբերի 16-ին։
«Քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,– ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի Հանրապետությունում փայտացման դեպքերը գրանցվում են հազվադեպ (վերջին դեպքը գրանցվել է 2020 թվականին)։ ՀՎԿԱԿ–ը նշում է, որ փայտացման կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է​​։
​Հայաստանում փայտացման դեմ պատվաստումները կատարվում են համակցված պատվաստանյութերով՝ պատվաստումների ազգային օրացույցով սահմանված ժամկետներում՝ մինչև 12 ամսական, 18 ամսական և 6 տարեկան երեխաներին, 15-16 տարեկան դեռահասներին, այնուհետև դիֆտերիայի և փայտացման դեմ յուրաքանչյուր 10 տարին մեկ:
Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են փայտացման դեմ պատվաստանյութերով: Յուրաքանչյուր ոք, ով չի ստացել փայտացման դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:
Փայտացումը ծանր վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է սուր ընթացքով, նյարդային համակարգի ախտահարումով, կմախքային մկանների տոնիկ և կլոնիկ ցնցումներով, որն ի վերջո բերում է ասֆիկսիայի (շնչառության կանգ): Հիվանդության հարուցիչը Clostridium tetani-ին է, որը կարող է երկար ժամանակ պահպանվել հողում, ջրում և ցանկացած մակերեսի վրա։ Մարդը վարակվում է, երբ հարուցիչը ներթափանցում է վնասված մաշկի կամ լորձաթաղանթների միջոցով:
Ծանր վիճակում գտնվող արցախցի փոքրիկին «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխում