«Վերին Լարս» անցակետում կուտակված շուրջ 200 բեռնատար կա. Մհեր Գրիգորյան

«Վերին Լարս» անցակետ. Արխիվային լուսանկար
Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ «Վերին Լարսում» ծանրաբեռնվածությունը այս պահին թուլացել է, հերթեր գրեթե չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Այս պահին «Վերին Լարս» անցակետում կուտակված շուրջ 200 բեռնատար կա։ Այսօր Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Չեմ թաքցնի, որ Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային և լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքն առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման կարևոր գործոն է»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ «Վերին Լարսում» ծանրաբեռնվածությունը այս պահին թուլացել է, ու եթե նախկինում հայկական բեռներով օրական 200 բեռնատար էր անցնում, ապա այժմ Լարսով անցնում է մոտ 350 մեքենա։ Նախարարը վստահեցրել էր, որ հերթերը գրեթե վերացել են։
Հավելենք, որ դեկտեմբերի 1–ից «Վերին Լարս» անցակետում ռուսական կողմից տրանսպորտային երթևեկությունը սկսել է իրականացվել 12 նոր գոտիներով։
Տարեվերջին նախատեսվում է գործարկել ևս երկու գոտի` մեծ տրանսպորտային միջոցների համար։ Երթևեկության գոտիների ընդհանուր քանակը կավելանա` հասնելով մինչև 39–ի։ Ըստ նախագծի` հնարավոր կլինի հասնել օրական 2.5 հազար տրանսպորտային միջոցի թողունակության` մինչև 4 հազարի պոտենցիալ հնարավորությամբ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով` 2022 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ «Վերին Լարսով» անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից «Վերին Լարսով» անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն՝ Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարների քանակը նվազել է 800-ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։