Միրզոյանն Արցախի պատվիրակության հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքներն է քննարկել Արցախի պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզոյանն այսօր ընդունել է Արցախի պատվիրակությանը` ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։