Միհրան Պողոսյանի վարորդի ու թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Միհրան Պողոսյան. Արխիվային լուսանկար
Միհրան Պողոսյանը վարորդին ու թիկնապահին պաշտոնների է նշանակել ԴԱՀԿ–ում, իսկ նրանք իրենց լիազորությունների իրականացման փոխարեն ապահովել են Պողոսյանի անձնական անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի -Sputnik. ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի անվտանգության աշխատակիցն ու վարորդը օժանդակել են նախկին գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն: Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշվում է, որ Պողոսյանն իր անձնական թիկնապահ Է.Ս.-ին (2008–2016 թվականներ) նշանակել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, իսկ անձնական վարորդ Հ.Բ.-ին (2009-2016 թվականներ)՝ նույն բաժնի առաջատար խորհրդատու:
Նշված անձինք իրենց լիազորությունների իրականացման փոխարեն ապահովել են Պողոսյանի անձնական անվտանգությունը և մշտապես ուղեկցել են նրան, կատարել նրա անձնական բնույթի հանձնարարությունները:
«Նրանք որպես ԴԱՀԿ ապահովող ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել, սակայն ՀՀ պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև գլխավոր հարկադիր կատարողի տնօրինման տակ գտնվող՝ ԴԱՀԿ ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ»,– նշված է հաղորդագրությունում:
Արդյունքում, Միհրան Պողոսյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից թիկանպահի դեպքում հափշտակել է ընդհանուր 22 մլն 117 հազար 820 դրամ առանձնապես խոշոր չափերով գումար, իսկ վարորդի դեպքում՝ 21 մլն 754 հազար 643 դրամ:
Վարորդի և թիկնապահի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել, որն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Հիշեցնենք՝ Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
Միհրան Պողոսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 15 միավոր անշարժ գույք
2019 թվականի ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Իսկ մայիսի 28-ին ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում`իրավապահների հսկողության տակ։
2019թ.-ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։
2022թ–ի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ ու դստեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների սեփականատեր ու ղեկավար գրանցված անձանց գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել։