ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Փարիզում տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով երեք մարդ Է զոհվել։
«Փարիզի սրտում քրդերը դարձել են նողկալի հարձակման թիրախ։ Իմ մտքերը զոհերի, կյանքի համար պայքարողների, նրանց ընտանիքների և սիրելիների հետ են: Երախտագիտություն մեր իրավապահ ուժերին՝ նրանց խիզախության և սառնասրտության համար», - գրել է Մակրոնը Twitter-ում։
Հիշեցնենք, որ այսօր 69-ամյա տղամարդը կրակ էր բացել Փարիզի 10-րդ շրջանի քրդերի մշակութային կենտրոնի վրա։ Նա ձերբակալվել է, դրդապատճառներն անհայտ են։ Լրատվամիջոցների տվյալներով՝ ազգությամբ ֆրանսիացի տղամարդը ոստիկանությանը հայտնի է սպանության երկու փորձերով ՝ 2016 եւ 2021 թվականներին։
Վերջին տվյալներով՝ հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, տուժածներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ևս երկուսի վիճակը միջին ծանրության է: Զոհվածները՝ երկու տղամարդ և մեկ կին են Փարիզի քրդական համայնքից։ Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել կանխամտածված սպանության գործով։