ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժվել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հաղորդում է Ելիսեյան պալատը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հեռախոսազրույցների ընթացքում Մակրոնը Ալիևին հայտնել է Հարավային Կովկասում լարվածության սրման հետ կապված իր խիստ անհանգստությունը և կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժվել Լաչինի միջանցքով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։